четверг, 2 июня 2016 г.

ՄԽԻԹԱՐ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ


Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի ղեկավարած շարժման կարևորագույն ձեռքբերումը թերևս այն էր, որ գրեթե չորս հարյուր տարի տևած ամուլ շրջանից հետո հայությունը միայնակ ոտքի ելավ ու ոչ միայն հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպեց, այլև հակահարված տալով ոսոխին՝ գրեթե ոչնչից ստեղծեց հայկական պետություն: Սա հայոց պատմության նոր շրջանի թերևս ամենափառահեղ էջն է, որ ցավոք, իր տրամաբանական շարունակությունը չունեցավ: Դավիթ Բեկը կարճ ժամանակում ամրակուռ իշխանություն ստեղծեց: Պարսից շահն առանց վարանելու ճանաչեց հայոց իշխանությունը Սյունիքում, Դավիթ Բեկին կարգեց Կովկասում գտնվող պարսկական բանակների հրամանատար՝ հրամայելով պարսիկ խաներին հաշվի նստել Բեկի հետ ու նրան, ըստ անհրաժեշտության, զինական օգնություն ցուցաբերել: Դավիթ Բեկը ստացավ նաև դրամ հատելու իրավունք: Սրանով, փաստորեն, Սյունիքը՝ Դավիթ Բեկի իշխանությունը, ստանում էր լիակատար անկախություն, որի հաջորդ քայլը պետք է անկախ թագավորության հռչակումը լիներ: Իսկ Դավիթ Բեկի վարած պատերազմներում մեծ էր Մխիթար սպարապետի դերակատարությունը: Քաջ, անվեհեր այս մարտիկն իր ռազմավարական տաղանդով Սյունիքի անկախ իշխանության զորության գրավականն էր: Մխիթար սպարապետի ծննդյան բուն թվականն անհայտ է: Հայտնի է, սակայն, նրա ծննդավայրը՝ Գանձակ քաղաքը Հյուսիսային Արցախում: Ցավոք, հայտնի չէ նաև Մխիթարի տոհմանունը, նրա զբաղեցրած դիրքը. ազնվական մելիքների զարմի՞ց էր, թե՞ շարքային հայ շինականի որդի: Հավանաբար, վաղ տարիքից տեղափոխվել է Վրաստան ու ծառայության անցել վրաց արքունիքում: Վրացական բանակում միշտ էլ շատ հայ զորականներ են ծառայել ու իրենց սրով փառք կերտել: Պարզ է մի բան. Մխիթարը Սյունիք եկավ արդեն սպարապետի տիտղոսով: Հետևաբար, դեռևս վրաց արքունիքում ծառայության ժամանակ աչքի է ընկել քաջությամբ ու հմուտ մարտավարությամբ: Դավիթ Բեկի կենդանության օրոք Մխիթարն աչքի ընկավ Զևայի ճակատամարտում, երբ գրավեց անառիկ բերդն ու ջախջախեց թուրքական 4000-անոց կայազորը: Ապա աչքի ընկավ Որոտանի բերդի գրոհի ժամանակ: Թուրքական բանակը համառորեն պաշտպանվում էր, սակայն հինգերորդ փորձից հայկական ուժերին հաջողվեց գրավել Որոտանը նույնպես: Բայց Մխիթարի ամենափայլուն հաղթանակը, ինչ խոսք, Հալիձորի ճակատամարտն էր: Թուրքական մեծաքանակ զորքը պաշարել էր ամրացված Հալիձորը: Պաշարման շղթան սեղմվում էր օրեցօր: Եվ հայերը որոշում են անակնկալի բերել թշնամուն: 300 զինյալներով, անակնկալ դուրս գալով թշնամու թիկունքը, Մխիթարը հարվածեց թուրքերին: Միաժամանակ թշնամուն բերդից հարվածեց Դավիթ Բեկը: Թուրքական բանակը ջախջախվեց ու մարտադաշտում թողնելով 13 հազար սպանված՝ ճողոպրեց: Հայերը նաև մեծ ռազմավար ձեռք բերեցին: Մխիթարը, դարձյալ ծուղակ պատրաստելով թուրքերի համար, Մեղրիում մեծ կորուստներ պատճառեց ոսոխին ու ազատագրեց Մեղրին: Թշնամին մեծ կորուստներ տալով՝ միայն Արաքսն անցնելով փրկեց իր բանակի մնացորդները: Այսուհանդերձ, Մխիթարի ու Դավիթ Բեկի միջև որոշ տարաձայնություններ կային. Դավիթ Բեկը, ավելի հեռատես ու դիվանագետ լինելով, ձգտում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել պարսիկների հետ, ինչին դեմ էր Մխիթարը` համարելով, որ մահմեդականների հետ բարեկամությունն անհնարին է: Կյանքը ցույց տվեց Բեկի ճշմարտացիությունը: Սակայն այս տարաձայնություններն առիթ դարձան, որ Մխիթարը խռովի ու հեռանա Դավիթ Բեկից: Բայց լսելով, որ Մարաղայի ճակատամարտում Դավիթ Բեկի բանակը շրջափակված է ու վտանգի մեջ է, Մխիթար սպարապետն իր բանակով սրընթաց հարձակմամբ հարվածեց թուրքերի թիկունքին ու Մարաղայի ճակատամարտի հաղթության անիվը թեքեց իր կողմը: Մարաղայից հետո երկու հերոսները դարձյալ հաշտվեցին: Մխիթարը հայության վերջնական ազատագրության տեսլականը կապում էր ռուսական բանակի հետ: Բայց ձեռքերը ծալած չէր սպասում ռուսներին: XVIII դարի սկզբին հայ զինվորականությունը սերտ կապեր էր հաստատել ռուսաց կայսր Պետրոս Առաջինի հետ, որը ծրագրում էր Կասպիական արշավանքն ու Անդրկովկասի նվաճումը պարսիկներից ու թուրքերից: Իր պլանների իրականացման համար ռուսական կաբինետը, բնականաբար, հայ ժողովրդի և հայ զինվորականության աջակցության կարիքն ուներ: Եվ, իրոք, Պետրոս Մեծն իրականացրեց Կասպիական արշավանքը, որին հայերն ու վրացիները սպասում էին անհամբերությամբ: Հայ-վրացական բանակը հավաքվեց Գանձակում ու սպասում էր ռուսական զորքի գալստյանը՝ վճռական հարված հասցնելու թուրքերին ու պարսիկներին: Սակայն ռուսները չեկան: Կասպյան ափերից նահանջեցին՝ փաստորեն խաբելով ու դավաճանելով հայերին ու վրացիներին: Բնականաբար, թուրքերը պետք է պատժիչ արշավանք ձեռնարկեին անհնազանդ հայության դեմ այդ «դավաճանության» և ռուսական բանակն Անդրկովկաս հրավիրելու համար: Սա ռուսական կաբինետի կողմից հայության շահերի ստորադասման և հայությանը դավաճանելու առաջին դեպքն էր: Ցավոք, հետագա դարերում հայությունը հետևություններ չարեց: Մխիթարին դավաճանեց հայ եկեղեցին: Առհասարակ եկեղեցին այս շարժմանը չէր մասնակցում որևէ կերպ: Սակայն նրա սպասավորներից տեր Ավետիս քահանան Դավիթ Բեկի շարժման առաջամարտիկներից էր: Նա Դավիթ Բեկի մահից հետո ձգտեց առաջնության՝ ցանկանալով գահերեց իշխանի պաշտոնը գրավել, սակայն զորքն ու ժողովուրդը, առանց տարաձայնության, ընտրեց Մխիթարին: Սա դարձավ քահանայի դավաճանության պատճառը, և նա Հալիձորի դարպասները բացեց թուրքերի առջև: Թուրքական բանակը պաշարում է Հալիձորը: Մխիթարն ընտրում է երկարատև պաշտպանությամբ ու գիշերային անակնկալ հարձակումներով թշնամուն հյուծելու մարտավարությունը: Դրան դեմ էր տեր Ավետիս քահանան: Ի վերջո, Մխիթար սպարապետը գիշերով դուրս է գալիս բերդից դրսի ուժերը համախմբելու և թշնամուն թիկունքից անակնկալ հարվածելու նպատակով: Տեր Ավետիս քահանան օգտվում է առիթից ու դիմում ստոր քայլի. բանակցում է թուրքերի հետ, ստանում իր ու իր ընտանիքի կյանքի ապահովության երաշխիք և նրանց առջև բացում է ամրոցի դռները: Թուրքերը, գրավելով Հալիձորը, իսկական նախճիր սարքեցին՝ կոտորելով թե՛ ամրոցի պաշտպան մարտիկներին, թե՛ բնակչությանը: Առանձնապես դաժանությամբ հաշվեհարդար տեսան Մխիթարի կնոջ ու զավակների նկատմամբ: Որպես դավաճանության հատուցում` նրանք տեր Ավետիսին կարգեցին Հալիձորի բերդապետ ու առատ վարձատրեցին արծաթով: Հետագայում դավաճանն իր ընտանիքով տեղափոխվեց Երուսաղեմ ու կյանքի մնացած հատվածն անցկացրեց այնտեղ: Սակայն Մխիթարը հուսահատվողներից չէր: Նա կարողացավ ծուղակ պատրաստել օսմանյան բանակի համար ու փայլուն հաղթանակ տանել Մեղրու ճակատամարտում: Մխիթարը հավաքեց զորքի մնացորդներն ու հարձակվեց Օրդուբադի վրա, գրավեց քաղաքը՝ ավարառեց այն, շատերին կոտորեց՝ չխնայելով նաև հայերին, դրանով պատժելով նրանց դավաճանությունը: Ժամանակին Օրդուբադի հայերը, չցանկանալով միանալ Դավիթ Բեկին, ոչ միայն աղուհացով ընդունեցին թուրքերին, այլև քաղաքից կրակ թափեցին պարիսպների տակ մաքառող հայկական գնդերի վրա: Ինչևէ, նա ազատագրեց Ագուլիսը, Նախիջևանն ու պատրաստվում էր առաջ գնալ ու հայկական բանակով մտնել Արցախ՝ այն միացնելու իր իշխանությանը: Բայց օրդուբադցիների դավաճանությունը, ցավոք, միակը չէր: Կործանված Հալիձորից հետո Մխիթարն իր իշխանության կենտրոնը հաստատեց անառիկ Խնձորեսկ գյուղում: 1730 թ. խնձորեսկցիները դավադրաբար սպանեցին Մխիթար սպարապետին ու մելիք Փարսադանին, նրանց գլուխները կտրելով` նվեր տարան Թավրիզի Աբդուլլահ փաշային: Վերջինս զարմացած էր. «Ով անօրեններ, ինչպե՞ս համարձակվեցիք բոլորովին անտեղի սպանել ձեր տիրոջն ու այդպիսի քաջ մարդուն: Դուք չեք կարող հավատարիմ մնալ ոչ մի թագավորի, քանի որ մահու մատնեցիք ձեր թագավորին»: Եվ փաշայի հրամանով գլխատվում են Մխիթարի գլուխը բերողները: Մխիթարի սպանությունից հետո Սյունիքում ազատագրական պայքարը ղեկավարելու և թշնամուն հակահարված տալու փորձ արեց նրա զորականներից Աբրահամ սպարապետը: Ավաղ, նրա ձեռնարկները հաղթական ավարտ չունեցան: Սյունիքի իշխանությունն անկում ապրեց:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Комментариев нет:

Отправить комментарий

Քամին ու Ծաղիկը (առակ)

 Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով  էր պատասխանու...