Համակարգիչներն էլեկտրոնային
համակարգեր են, որոնք ծրագրավորվում են բազմապիսի խնդիրներ լուծելու համար:
Դպրոցներում, գրասենյակներում և տանը դրանցով ձևակերպում են փաստաթղթեր, ստեղծում
մանրակերտներ, կատարում բարդ հաշվարկներ, պահպանում վիթխարի քանակությամբ
տեղեկույթ: Միկրոհամակարգիչներն աշխատում են նաև լվացքի մեքենաներում,
միկրոալիքային վառարաններում և բազմաթիվ այլ սարքերում:
Համակարգիչը կատարում է իր
էլեկտրոնային հիշողության մեջ ներդրվող հրահանգները, որոնց հաջորդականությունն
անվանում են ծրագիր: Համակարգիչը կարող է կատարել ցանկացած գործառույթ՝ աշխատել և՜
որպես տեքստային պրոցեսոր, և՜ որպես հանրագիտարան, և՜ որպես մաթեմատիկական հզոր
հաշվիչ, նույնիսկ կարող է կառավարել ինքնաթիռը, եթե հանդերձված լինի համապատասխան
ծրագրերով:
Համակարգչի ապարատային և
ծրագրային ապահովումը
Համակարգիչը բաղկացած է ապարատային և
ծրագրային ապահովման մասերից: Ապարատային ապահովումը կազմում են պրոցեսորը, մոնիտորը
և ստեղնաշարը: Ծրագրային ապահովումը ծրագրերի այն ամբողջությունն է, որն
օգտագործվում է համակարգչում հիմնական գործողությունները կատարելու, օրինակ՝
բառերն ու պատկերներն էկրանի վրա պատկերելու համար: Իսկ ծրագրային կիրառական
ապահովումը (հավելվածը) առանձին ծրագրեր են, որոնք համակարգչին հնարավորություն են
տալիս կատարելու որոշակի գործառույթներ՝ մշակել տեքստը, պահպանել տեղեկույթը,
հաշվարկներ կատարել կամ խաղեր խաղալ:
Ինչպես է կառուցված
համակարգիչը
Յուրաքանչյուր համակարգչի «սիրտը»
միկրոչիփն է՝ բարդագույն էլեկտրոնային սխեմաներով սիլիցիումի փոքրիկ թիթեղը: Այն
կոչվում է միկրոպրոցեսոր: Համակարգչի այս հատվածամասը կատարում է բոլոր
հաշվարկները և մշակում կատարվող ծրագրի հրահանգները: Միկրոպրոցեսորն իրավացիորեն
համարվում է անհատական համակարգիչների «էլեկտրոնային ուղեղը»:
Ծրագրեր և տվյալներ պահելու համար
համակարգիչն ունի նաև հիշողության միկրոսխեմաների հավաքածու: Կա հիշողության 2
տեսակ՝ գործութային (օպերատիվ) և հիմնային: Գործութային հիշողությունը համակարգչին
հնարավորություն է տալիս հիշելու տվյալները և ապահովում է դրանց արագ ստացումը:
Գործութային հիշողության մեջ պահվող ամեն ինչ ջնջվում է համակարգիչն անջատելուց
հետո: Հիմնային հիշողության մեջ պահվում են այն անփոփոխ տվյալները, որոնք մշտապես
օգտագործվում են: Այդ տվյալները չեն ջնջվում համակարգիչն անջատելուց հետո:
Լրացուցիչ (ծայրամասային)
սարքեր
Սրանք հիմնականում ներմուծիչ և
արտանցիչ սարքեր են:
Ներմուծիչ սարքերը նախատեսված են
համակարգչի մեջ տվյալներ ներմուծելու համար. դրանցից ամենատարածվածը ստեղնաշարն է,
ապա՝ «մկնիկը», CD–ROM-ը, տեսածրիչները (սկաներ), միկրոֆոններն ու թվային խցիկները:
Արտանցիչ սարքերն ապահովում են
տեղեկույթի ստացումը համակարգչից, որոնցից ամենակարևորներն են էկրանի վրա
պատկերներ արտացոլող մոնիտորը և թղթի վրա տվյալներ տպող տպիչները: Արտանցիչ սարքեր
են նաև բարձրախոսներն ու ականջակալները, որոնցով ձայնային տեղեկույթ է ստացվում:
Որոշ լրացուցիչ սարքեր կիրառվում են
տվյալների միաժամանակյա ներմուծման և արտանցման համար: Դրանցից ամենատարածվածը
տվյալները մագնիսական սկավառակների վրա գրանցելու և տեղեկույթը սկավառակներից
կարդալու համար նախատեսված սկավառակատարն է: Մագնիսական սկավառակները լինում են
ճկուն կամ դիսկետ և կոշտ կամ վինչեստր: Պնակիտները կամ ամփոփ սկավառակները՝ CD-ներ
(compact disk) և DVD-ներ (digital video disk` թվային տեսասկավառակ), հիմնականում
օգտագործվում են մեծ ծավալով տվյալներ պահպանելու համար:
Մոդեմը ներմուծիչ-արտանցիչ համակարգ
է, որը հնարավորություն է տալիս հեռախոսային կապուղով մի համակարգչից մյուսը
տվյալներ հաղորդել և նույն եղանակով տեղեկույթ ստանալ:
Ինչպես աշխատել
համակարգչով
Համակարգիչներով աշխատելիս պետք է
իմանալ՝
1. Դրանք աշխատում են միայն նախապես
մուտքագրված որոշակի ծրագրերով:
2.Ծրագիրը հաջորդական հրահանգների
ամբողջություն է՝ որոշակի խնդիր լուծելու համար:
3. Ծրագրի հրահանգները կատարվում են
նշված հերթականությամբ՝ քայլ առ քայլ:
4. Հրահանգները և միջանկյալ
արդյունքները պահելու համար պահանջվում են որոշակի քանակությամբ հիշողության
բջիջներ:
5. Հիշողության բջիջներն ունեն իրենց
«հասցեները»:
Դուք, անշուշտ, արդեն նկատեցիք, որ
անհատական համակարգիչը ոչ թե մեկ ամբողջական սարք է, այլ բաղկացած է առանձին
հատվածամասերից, ինչը հնարավորություն է տալիս որևէ մասի խափանման դեպքում
համակարգիչն աշխատեցնել՝ ընդամենը խափանված հատվածամասը նորոգելով կամ նորով
փոխարինելով: Իսկ առանձին հատվածամասերը միմյանց և մեքենան հոսանքի աղբյուրին
կարող է միացնել ցանկացած մարդ, քանի որ հաղորդալարերի ծայրերը հանդերձված են
միացման այնպիսի միաժանիներով (շտեկերներ), որոնք, իրենց բնիկներից բացի, այլ տեղ
չեն մտնում:
Ներկայումս համակարգիչները լայն
կիրառություն ունեն տնտեսության և գիտության տարբեր բնագավառներում:
Դրանք զգալիորեն թեթևացրել են նաև
գրահրատարակչական գործը: Հրատարակչական ծրագրերով հանդերձված համակարգիչներով
կարելի է գիրքն ամբողջությամբ պատրաստել տպագրության՝ տեքստը շարել, սրբագրել,
մակետավորել, գրանցել մագնիսական ժապավենի վրա կամ պատրաստել տպագրական թաղանթներ:
Ի միջի այլոց, այս հանրագիտարանը նույնպես պատրաստվել է համակարգչով:
Պատկերացրեք՝ բազմահատոր
հանրագիտարանի կամ ամբողջ գրադարանի ունեցած նյութը փոխանցված է DVD-պնակիտների
վրա, և ցանկացած պահի կարելի է հաշված վայրկյանների ընթացքում նրանից ստանալ
ցանկացած հոդված կամ նրա որևէ մասը: Վաղուց այդպես են աշխատում աշխարհի բազմաթիվ
գրադարաններ: Այսօր նման աշխատանք է կատարվում նաև Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան
Մատենադարանում: Այնտեղ պահվող և դարերի կենսագրություն ունեցող ձեռագրերը,
փչացման վտանգից փրկելու նպատակով, գրանցվում են DVD-պնակիտների վրա, որոնցից
օգտվելը և՜ հեշտ է, և՜ արագ, և՜, ամենակարևորը, բնագիրը չի վնասվում: Այդ նույն
եղանակով կարելի է ունենալ աշխարհի ցանկացած թանգարանի հավաքածուների
տեղեկատուներ, գրադարանների գրացուցակներ՝ համապատասխան ծանոթագրություններով,
սակարանում վաճառվող ապրանքների ու դրանց գների մասին տեղեկություններ և այլն:
Համակարգչային «վիրուսներ»
Հետաքրքրական է իմանալ նաև, որ
համակարգիչները նույնպես «հիվանդանում են». գոյություն ունեն այսպես կոչված
համակարգչային «վիրուսներ», որոնք իսկական աղետ են անհատական համակարգիչների
համար: Դրանք հմտորեն կազմված չարամիտ ծրագրեր են, որոնք ընդունակ են «կառչելու»
որևէ աշխատանքային ծրագրից, այդ ճանապարհով թափանցելու համակարգչի հիշողության մեջ
ու խափանելու նրա աշխատանքը: «Վիրուսներով» վարակված համակարգիչների էկրանին
բոլորովին անսպասելի հայտնվում են օտար տեքստեր, մեքենան հրաժարվում է հրահանգներ
կատարելուց, ցուցասարքի էկրանի մի հատվածը աղավաղվում է, մի խոսքով՝ համակարգիչը
«կամակոր» է դառնում: Տարօրինակն այն է, որ «վիրուսները» նույնպես բազմանում,
տարածվում և փոխանցվում են՝ վարակելով դիսկետները: Իհարկե, կան դրանց դեմ պայքարի
բազմաթիվ եղանակներ, որոնցից ամենաարմատականը մագնիսական սկավառակների՝ վինչեստրի
կամ դիսկետի ամբողջական վերամագնիսավորումն է, այսինքն՝ եղած տեղեկության
ամբողջական մաքրումը:
Համակարգիչների ստեղծման
պատմությունից
Դեռևս 1830-ական թվականներին,
էլեկտրականության հայտնագործումից շատ առաջ, անգլիացի մաթեմատիկոս Չառլզ Բեբիջը
պատրաստել է մեխանիկական համակարգիչ: Միջոցներ չունենալու պատճառով հեղինակն այդ
մեքենան իր ժամանակին չի կառուցել. այն ստեղծվել է միայն 1991 թ-ին և հաջողությամբ
գործել:
Էլեկտրոնային առաջին համակարգիչները
պատրաստել են Վոն Մոչլին և Պրեսպեր Էկհարտը Ամերիկայում 1950-ական թվականներին:
Միկրոսխեմաների փոխարեն դրանցում կային հազարավոր էլեկտրոնային լամպեր, որոնք նման
էին սովորական էլեկտրական լամպերի և մեծաչափ էին: Սակայն դրանց հզորությունը շատ
ավելի փոքր էր ժամանակակից դյուրակիր համակարգիչների հզորությունից: 1950-ական
թվականների վերջերին լամպերը փոխարինվեցին փոքրաչափ (սիսեռահատիկի մեծության)
տրանզիստորներով, ինչի շնորհիվ համակարգիչների չափերն զգալիորեն փոքրացան, իսկ
հզորությունը կտրուկ աճեց: 1972 թ-ին հայտնվեցին առաջին միկրոսխեմաները՝ չիփերը,
իսկ 1978 թ-ին ամերիկացիներ Սթիվ Վոբսը և Սթիվ Վոզնյակը ստեղծեցին առաջին
անհատական համակարգիչները: Այդ ժամանակներից ի վեր՝ միկրոպրոցեսորները դարձան
անհամեմատ ավելի հզոր, իսկ համակարգիչները՝ ավելի էժան ու հասանելի: Մեր օրերում
գիտնականներն աշխատում են ստեղծել նոր համակարգեր՝ նեյրոհամակարգիչներ, որոնք
ունակ կլինեն ինքնակատարելագործվելու և ինքնաուսուցանվելու:Էլեկտրոնիկա, Համացանց, Տեղեկատվական տեխնոլոգիաներ:
· Համակարգչային սխեմաների աշխատանքի հիմքում դրված է
երկուական (բինար) կոդը, որը կազմված է 0 և 1 թվերից: Դա նշանակում է, որ 1
թվի երկուական կոդը կլինի «1», 2-ինը՝ «10», 3-ինը՝ «11», 4-ինը՝ «100», և
այլն: Այս կոդի միջոցով համակարգիչը մշակում և հիշողության մեջ է պահում
տվյալները: Համակարգչում պահվող տվյալների ծավալը չափվում է բիթերով և բայթերով:
Համակարգչի հիշողության ամենափոքր տարրը բիթն է, և նրա արժեքը կարող է 0 կամ 1
լինել: 8 բիթը 1 բայթ է, որը բավարար է երկուական կոդով 0-ից մինչև 255 ցանկացած
թիվ գրելու համար:
2000 թ-ի նախաշեմին հարկ եղավ լուծել այսպես կոչված «2000 թվականի
հիմնախնդիրը». բանն այն էր, որ բազմաթիվ համակարգիչներում և ծրագրերում տարեթիվը նշանակվում
էր վերջին 2 թվով (օրինակ՝ 1998-ը դրանցում 98 էր), ուստի, եթե տեղեկատվական
համակարգերում ճշտումներ չմտցվեին, ապա համակարգիչը, ըստ ընդունված կարգի, 2000 թ.
կընկալեր վերջին 2 թվով, այսինքն՝ որպես 1900 թ.: Դա կարող էր հանգեցնել ողջ
աշխարհի համակարգչային ցանցերի աշխատանքային քաոսի: Այդ անհրաժեշտությամբ էլ
մշակվեց համակարգչում տարեթվերի նշանակման նոր եղանակ:
Комментариев нет:
Отправить комментарий